38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անատոլիա՞․․․ո՛չ, Հայաստան

Անատոլիա՞․․․ո՛չ, Հայաստան
11.09.2024 | 21:45

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

Մեհմեդը գործուղումից տուն վերադարձավ մի անբացատրելի տրամադրությամբ. ինքն էլ չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում իր հետ. մի տեսակ վերացել էր իրականությունից ու շրջապատից. չէր լսում շրջապատի մարդկանց ձայները, խոսակցությունը, անգամ կնոջ ու երեխաների՝ իրեն ուղղված հարցերն ասես չէր լսում, թե՞ չէր հասկանում. հայացքը դարձել էր խորասուզված գիրք կարդացող մարդու հայացք, որը բացի գրքի տողերից, ոչինչ չէր տեսնում:

Մի օր գործընկերը՝ Իսմայիլը, աշխատանքից հետո մոտեցավ Մեհմեդին և տագնապած հարցրեց.
-Մեհմե՛դ, եղբա՛յր, մի շաբաթ է՝ դու վերադարձել ես գործուղումից և անճանաչելի ես դարձել. դու ասես ընկղմվել ես ինքդ քո մեջ, երբեմն թույլ, աննկատ ժպտում ես քեզուքեզ, երբեմն աչքերումդ արցունքներ են կուտավում, և դու խոր հոգոց ես հանում և ասես ինքդ քեզ ինչ-որ հարց ես տալիս ու պատասխանը չես գտնում… Ախր դու միշտ աշխույժ ու հումորով ես եղել, հիմա ի՞նչ է կատարվում քեզ հետ, հիվա՞դ ես, թե՞…
-Սուլեյմա՛ն, իմ լա՛վ բարեկամ, իմ մանկության ընկե՛ր, միայն դու կարող էիր նկատել իմ հոգու այս փոթորիկը:
Մեհմեդը մի քանի րոպե լռեց, հետո ձեռքը դրեց Սուլեյմանի ուսին և ասաց իրենց մանկության խաղերի ժամանակ գոռալով ասվող այն բառերը, երբ հաղթում էր իրենց թիմը… Երկուսն էլ լիաթոք ծիծաղեցին:
Մեհմեդն ասես զարմացավ իր այդ լիաթոք ծիծաղից. մի շաբաթ է՝ նրա շուրթերը անգամ ժպիտի համար չէին բացվում:
-Լսի՛ր, Սուլեյմա՛ն, իմ մանկության վկա՛, հոգիս ընկել է փոթորկի շրջապտույտի մեջ և չի կարողանում, չէ՜, չի՛ ուզում դուրս գալ այդ փոթորկից. ես և՛ վտանգ եմ զգում, և՛ մի քաղցր զգացում է ինձ պարուրել…
Մեհմեդը լռեց մի քանի վայրկյան:
-Ինչպես կուզեի, որ ծնողներս ողջ լինեին հիմա և ես նրանց հետ խոսեի այս մասին… Գիտե՞ս, նրանք մինչև իրենց մահը չհաշտվեցին ու չհարմարվեցին այստեղ՝ օտարության մեջ ապրելուն, թեև , արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, դու էլ, հավանաբար կհաստատես, որ մեզ հյուրընկալած երկիրը՝ Գերմանիան, մեզ՝ Թուրքիայից ներգաղթյալներիս հանդեպ ցուցաբերել է սոցիալական հոգատարություն և անգամ քաղաքական հանդուրժողականություն: Երբ շատ թուրքեր եկան Գրմանիա, Թուրքիայում սոցիալական ծանր վիճակ էր. չկար աշխատանք, հարկերը բարձր էին սոցիալապես անապահով քաղաքացիների համար, կրթություն ստանալը թանկ էր… Մի խոսքով, սա կարող են հաստատել Գերմանիա ներգաղթած երևի բոլոր թուրքերը, ավելի ճիշտ՝ Թուրքիայի քաղաքացիները: Ոչ ոք հեշտությամբ կամ հաճույքով չի հեռանում իր հայրենիքից, իր տուն ու տեղից… Իմ ծնողները նույնպես մեծ դժվարությամբ հեռացան իրենց հայրենի երկրից. նրանք միշտ հիշում էին իրենց մանկության ու երիտասարդության քաղաքը, մեր բնությունը, ջուրը, սարերը… արևը… մրգերը… միայն հարևաններին ու աշխատանքային ընկերներին հիշելիս դառնանում էին, թե ինչո՞ւ էին նրանք իրենց հալածում… Չէ՛, բոլորը չէին, կային, բարի և հանդուրժող մարդիկ էլ կային… Հա՛, դու չգիտես, որ մենք այդ քաղաքից չենք, որտեղ մենք միասին մեծացել ենք ու դպրոց գնացել… Իմ ծնողները աքսորյալներ են եղել և մի քանի անգամ փոխել են իրենց բնակավայրը: Բայց ես դրա մասին չէ, որ ուզում պատմել. դա արդեն նրանց համար դառը անցյալ էր. այլ այն քաղաքի մասին, որտեղ ծնվել էինք մենք՝ ես, քույրս ու եղբայրս. և այն դեպքի մասին, որի պատճառով մենք հեռացանք մեր քաղաքից: Հենց դրա մասին էլ կպատմեմ քեզ…
Մեհմեդը դարձյալ լռեց: Սուլեյմանն ասես ինչ-որ գաղտնիք գիտեր, բայց սպասեց, որ ընկերը պատմի:
-Մեհմե՛դ, իմ լա՛վ բարեկամ, գնանք մի տեղ նստենք ու հանգիստ զրուցենք, ֆիրմայի դռները հիմա կփակվեն, աշխատանքային օրվա վերջն է:
Մեհմեդը նայեց ժամացույցին, մի պահ ասես ինչ-որ հաշվարկ արեց մտքում և ասաց.
-Հա՛, իսկապես, գնանք մի սրճարան, հանգիստ կզրուցենք:
Նրանք դուրս եկան շենքից, ամեն մեկը նստեց իր մեքենան և շարժվեցին: Մեհմեդը մտովին վերլուծում էր. արժի՞ արդյոք բացվել Սոլեյմանի մոտ, ինչպե՞ս կընդունի իր անկեղծ բացահայտումը և խոստովանությունը, իսկ եթե Սուլեյմանը… Չէ՛, չի՛ կարող, ինքը մանկությունից նրա հանդեպ մեծ վստահություն է ունեցել:
Հասան սրճարան, մեքենաները կանգնեցրին մի հարմար տեղում, մտան նախապես պատվիրած փոքրիկ առանձնասենյակը, սուրճ պատվիրեցին:

Մեհմեդը ասես բառեր չէր գտնում սկսելու, Սուլեյմանը օգնեց.
-Վերջերս հայրս մեր երկրից գաղթած մի հայի հետ է ծանոթացել, պարզվել է, որ նրանք ընդհանուր ընկեր են ունեցել այն քաղաքում, ուր հայրս գնում էր շինարարական աշխատանքների: Հայրս տուն եկավ տրամադրությունը բարձր. երկրից եկած այդ մարդը նրան մտովին տարել էր իր հայրենի քաղաք ու իր մտերիմների մասին տեղեկություններ էր հաղորդել, բայց, զարմացանք, որ մեկ ժամ անց և հետո ամբողջ օրը նա տխուր էր…
-Սուլեյման, ես նույնպես հանդիպել եմ մարդկանց, ովքեր թեև անմիջականորեն մեր երկրից ու մեր քաղաքից չէին, սակայն ալեկոծեցին հոգիս ու միտքս…
Մեհմեդը լռեց, մի կում սուրճ խմեց, ապա խորաթափանց հայացքով նայեց Սուլեյմանին:
-Մեկ շաբաթ առաջ օդանավակայանում հանդիպեցի մի խումբ հայերի… հա՛, հա՛, հայերի, և հոգիս տակնուվրա եղավ: Ես երիտասարդ չեմ, գիտես, հիսուն տարիս վաղուց է անցել, և իմ բոլոր հույզերը, խոհերն ու եզրահանգումերը կյանքի դառը փորձից են գալիս, դրան գումարվել են նաև դեռ մանկությունից՝ իմ ծնողներից, հարազատներից և հարևաններից լսածս ու տեսածս: Մենք՝ ես և դու, նույն երկրում ենք ապրել, դու ևս ականատես ես եղել երեխաների հոգուն խորթ այն դաժանությունը, որ թուրք և քուրդ երեխաները դրսևորում էին որոշ երեխաների հանդեպ. դու այդպես չես վարվել, և ինձ հենց դա մտերմացրեց քեզ հետ: Այն քաղաքում, որտեղից մենք տեղափոխվել էինք, այդպես էին վարվում նաև իմ հարազատների հետ: Ես ու ինձ նման շատ երեխաներ Թուրքիայում ապրել ենք հոգեպես ընկճված, հաճախ շրջապատից մեկուսացած ու խորթացած: Մեր այն քաղաքը մեծ չէր, ավելի ճիշտ՝ ավան էր, և բնակիչները գրեթե մեկը մյուսին ճանաչում էին: Մեր ընկերները՝ թուրքեր, քրդեր, գիտեին, որ մեր ծնողները թուրք չեն, չնայած մենք թաքցնում էինք մեր հայ լինելը:
Մեհմեդի ձայնը դողաց, ու նա ձեռքը դրեց Սուլեյմանի ուսին, ասես գրկելով նրան:

Սուլեյմանի մարմնով մի տաք դող անցավ, որ փոխանցվեց Մեհմեդին. երկու ընկեր մի ակնթարթ քարացած մնացին, հետո ասես հարյուր տարի իրար չտեսած եղբայրներ՝ գրկախառնվեցին և բարձրաձայն, բայց արդեն արտասվախառն հեկեկոցով արտասանեցին հաղթանակի խորհրդանշան այն բառերը…
-Սուլեյմա՛ն, եղբա՛յրս, ես զգում էի, որ մենք նույն արյունն ունենք…
-Ե՛ս էլ, Մեհմե՛դ, նույնիսկ ծնողներիս եմ ասել. հայրս ասաց, որ քեզ մի օր մեր տուն հրավիրեմ…-Սուլեյմանի ձայնը դողաց-, դե՛,պատմի՛ր:
-Դե՛, ուրեմն,իմ ընտանիքի պատմությունը հաստատ նման է քո ընտանիքի պատմությանը…
Հա՛, մեր քաղաքը փոքր էր, ավելի ճիշտ՝ ավան էր, բավական էր որ մեկը մի բան իմանար, ավանում դա այլևս գաղտնի պահել չէր լինի: Թեև մենք թուրքերեն էինք խոսում և մեր ծողներն ու հարազատները կանոնավոր կերպով մզկիթ էին գնում և բարեպաշտորեն նամազ անում, միևնուն է, մենք հալածվում էինք և՛ մեծերի, և՛փոքրերի, անգամ դպրոցի ուսուցիչների կողմից: Մեր բարեպաշտությունն անգամ մեզ չէին ներում և հալածում էին՝ քարեր և ցեխաջուր շպրտելով մեզ վրա:
Մենք տանը թաքուն հայերեն էինք խոսում: Մի անգամ ես շատ ծանր հիվանդացա, հայրս բժիշկ բերեց մեր տուն. բժիշկը սենյակ է մտնում այն պահին, երբ մայրս, խաչը ձեռքին, աղոթում էր սնարիս մոտ: Բժիշկը կաթվածահար կանգ է առնում և գոռում.

-Կեղտո՛տ գյավուրներ, պարզվում է՝ձեզ բոլորիդ չենք ոչնչացրել. թող սատկի ձեր տղան, միևնույն է՝ նա թուրք չի դառնա,- ու հեռանում է՝ առանց ինձ զննելու և դեղ նշանակելու:
Խաչը մորս ձեռքին ասես այրող կրակ է դառնում, և նա չի իմանում՝ ի՞նչ անի, եթե դեն նետի, այդ կրակից գուցե տունը վառվի, եթե պահի ձեռքին, ձեռքերը կայրվեին… Եվ մայրս խաչը պահում է ափերի մեջ. և ես տեսա, թե ինչպես էին դողում մորս ձեռքերը: Մի քանի րոպե անց հայրս ու մայրս սթափվում են… Հայրս շտապ գնում է իր ծնողների, քրոջ և եղբոր տուն և համառոտ պատմում է եղելությունը և ասում, որ ինքը որոշել է այդ գիշեր հեռանալ քաղաքից, լավ կլինի, որ իրենք էլ միանան մեզ: Կեսգիշերն անց էր, երբ մենք դուրս եկանք տնից՝ մեզ հետ վերցնելով առաջին անհրաժեշտության իրերը: Մեծերը լալիս էին անձայն, փոքրերը՝ քույրս ու եղբայրս և զարմիկներս, վախից կծվել էին. տատս անընդհատ կրկնում էր.

-Նորից գաղթ, նորից տնավերություն: Մեր տե՛ր Աստված, գոնե զավակներիս խնայի՛ր:
Մեհմեդը փղձկաց ու փորձեց զսպել իրեն, որ լացի չվերածվի այն: Երբ գլուխը բարձրացրեց և նայեց Սուլեյմանին, տեսավ, որ նա լուռ արտասվում է:
-Մեհմե՛դ, իմ լա՛վ ընկեր, դու ասես մեր ընտանիքի մասին ես պատմում… Ծնողներս թեև շատ ծեր չեն, բայց մեր երկրի ու մեր այգու, ջրի, հողի ու բերք ու բարիքի կարոտից պարզապես հիվանդացել են… Երբ եկանք Գերմանիա, ծնողներս անչափ կարոտւմ էին մեր երկրին ու տուն ու տեղին, բայց չէին կարողանում հաղթահարել հոգեկան այն վիրավորվանքը, որ նրանք տարիներ շարունակ լուռ տարել էին Թուրքիայում… Միայն այս վերջին տարիներին կարողանում էին տարին մեկ անգամ գնալ Երկիր… Հետո ի՞նչ եղավ, Մեհմե՛դ:
-Հայրս երեք մեքենա վարձեց: Մեր մեքենաների շարասյունը դուրս եկավ քաղաքից: Ամբողջ գիշեր իմ ջերմությունն ավելի էր բարձրանում: Մերոնք մեքենաները ճանապարհին կանգնեցնում են. ես հոգեվարքի մեջ էի: Ասում են՝ տատս գրկել է ինձ ու բարձրաձայն, գրեթե գոռալով աղոթել է հայերեն, որ հայի Աստվածը լսի իր խնդրանքը:
Բոլորը սարսափում են, ճանապարհով շարժվում էին մեքենաներ, անգամ՝ ոստիկանական, եթե թուրքերը լսեին, այս անգամ մեզ փրկություն չէր լինի. խնդրում են տատիս, որ նա ցածրաձայն աղոթի: Բայց տատս շարունակում է բարձրաձայն, հուսահատ մարդու աղաղակով աղոթել: Երբ տատս ավարտում է աղոթքը, ես բաց եմ անում աչքերս և ջուր եմ ուզում: Մայրս հուզմունքից ու լարվածությունից ուշագնաց է լինում:
Կեսօրին մենք հասնում ենք մի քաղաք, որն իմ ծննդավայրից բավականին հեռու էր և մեծ էր: Այստեղ մեզ ոչ ոք չէր ճանաչում: Սա,փաստորեն, նաև քո մանկության քաղաքն է: Ճիշտ է, մենք համեմատաբար հանգիստ էինք ապրում այդտեղ, բայց ներքին տագնապը մեզ չէր լքում:
Այդ քաղաքում մեր տանն այլևս հայերեն չէինք խոսում, խաչն էլ մայրս թաղել էր հողում: Ես այդ ժամանակ 6-7 տարեկան էի. այդ տարիքում հեշտ է անգամ մայրենի լեզուն մոռանալ: Հայերենը և հայ լինելը դարձել էր մեզ համար ծանր ճակատագիր, և մենք արտաքուստ փորձում էինք մոռանալ մեր մայրենի լեզուն և… մոռացանք, բայց մեր հայ լինելը մեզ երբեք չլքեց:
Եղավ այնպես, որ ես իմ ընտանիքով մեկնեցի Եվրոպա: Գերմանիան քաղաքակիրթ, քրիստոնյա աշխարհ է. մեզ չեն հալածում. աշխատում ենք հավասարի իրավունքով, երեխաներս կրթվում են գերմաներեն, ընդունել են տեղի բարքերը, ընկերների մեծ մասը գերմանացիներ են: Երկու տարի անց ես որոշեցի ծնողներիս բերել ինձ մոտ. նրանք երկընտրանքի մեջ էին. հեռանալ երկրից չէին ուզում, բայց և այնտեղ մենակ մնալ դժվարանում էին. քույրս և եղբայրս նույնպես Գերմանիայում են:
Մոտ 20 տարի է՝ ապրում ենք Գերմանիայում՝ որպես Թուրքիայի քաղաքացի, այսինքն՝ որպես թուրք։ Անգամ այստեղ՝ Եվրոպայում, վախենում ենք բացահայտել մեր հայ լինելը: Ճակատագիրը մեզ այստեղ էլ է հետապնդում: Սակայն ճակատագիրը սրբագրումներ էլ է անում: Օդանավակայանում հանդիպեցի մի խումբ հայերի, նրանցից մեկը կին էր, հետո մեր զրույցի ժամանակ իմացա, որ բժիշկներ էին, եկել էին միջազգային գիտաժողովի մասնակցելու, այդ կինը, որ բժիշկ -մարդաբան էր՝ անթրոփոլոգ, մոտավորապես՝ իմ տարիքի, հենց նա էլ հայերեն հարցրեց՝ Երևա՞ն եմ թռչում: Ես հիմարաբար թուքերեն ասացի, որ չեմ հասկանում:Կինը զարմացավ և գործըներոջս՝Հ անսին (դու ճանաչում ես նրան, նա մեր ֆիրմայի առաջատար մասնագետն է և տնօրենի տեղակալը), գերմաներեն ասաց.
-Ասե՛ք Ձեր ընկերոջը, որ նրա աչքերը հայի աչքեր են, նրանցում հայի աչքերի
լույսը կա, թախիծ ու իմաստություն կա. մարդաբանական տեսակը արմենոիդ է, եթե նա չգիտի իր հայկական ծագումը, թո՛ղ իմանա, իսկ եթե նա գիտի, բայց վախից թաքցնում է, կարող է չպատասխանել, թող կյանքը չվտանգի:
Հանսը զարմացած նայեց այդ հայ կնոջը և խմբով կանգնած հայ տղամարդկանց, ապա շրջվեց իմ կողմը. նրա զարմանքը անկհայտ էր:
-Երբեք չեմ մտածել, որ թուրքերն ու հայերը կարող են այսքան նման լինել իրար:
-Սխալվում եք, պարո՛ն, հայերն ու հայերը: Մենք՝ հայերս, աշխարհի որ ծայրում էլ լինենք, աշխարհի ցանկացած ազգերի մեջ ճանաչում ենք մեր արյունակից հային,-ուղղեց հայ կինը:
-Զարմանալի է… Մեհմե՛դ, դու ի՞նչ կասես,- հարցրեց Հանսը:
Այդ պահին կինոժապավենի պես աչքերիս առջևով անցան իմ մանկության տարիները, և այն չարաբաստիկ օրը, երբ մորս հայերեն աղոթելու պատճառով հազիվ փրկվեցինք դաժան հաշվեհարդարից Թուրքիայում: Բայց այդ հայ կնոջ հարցից իմ մեջ արթնացավ պարտքի ու պատասխանատվության պես մի բան. ուրեմն ես հայ եմ մնացել իմ արտաքինով, իմ աչքերի արտահայտությամբ, մարդաբանական իմ տեսակով, իմ հոգեկերտվածքով… Այդ դեպքում ի՞նչն է իմ մեջ թուրքական՝ լեզո՞ւն, միայն լեզո՞ւն: Բայց չէ՞ որ իմ երեխաները հիմնականում գերմանախոս են, վաղն էլ նրանց զավակները գերմանախոս կդառնան, ի՞նչ է, ուրեմն նրանք գերմանացի՞ են: Իհարկե ո՛չ: Այստեղ ինչ-որ բան սխալ է ու թերի. պարզվում է, որ ո՛չ կրոնն ու դավանանքը, ո՛չ լեզուն չեն որոշում մարդու ազգային ծագումը: Մարդու ծագումը նրա արյունն է որոշում…Արյունը բնության ամենազորեղ ուժն է, նրա դեմ անզոր են ամենահզոր զենքերն ու բանակները…
Մեհմեդը լռեց. նա զգում էր, թե ինչպես են իր մեջ փոթորկվում մտքերն ու զգացմունքները, նա ասես տեսնում էր այդ փոթորիկը ներսից ու դրսից: Լուռ էր նաև Սուլեյմանը:
-Մեհմեդ, իմ բարեկա՛մ եղբայր, ես կարդացել եմ մի հայի վեպը, որն ըստ էության իր հուշերն են, որից ես նույնպես հասկացա, որ մարդու արյունը ամենազորեղ բանն է այս նյութական աշխարհում: Նա ևս ցնցվում է, երբ իմանում է իր հայկական ծագումը. նա անգլիացի է, ավելի ճիշտ՝ անգլիագիր գրող, կոտորածներից մի կերպ փրկված, Անգլիայում կրթություն ստացած, հետո 1944 թվին Ամերիկա տեղափոխված նշանավոր գրող, դրամատուրգ, ազգությամբ հայ Մայքլ Առլենի՝ հայկական անունը կարծեմ՝ Տիգրան Կույումջյան, որդին է՝ Մայքլ Առլեն Կրտսերը… Ի դեպ, ես կարդացել եմ Մայքլ Առլեն Ավագի ստեղծագործությունները. դրանք 20-րդ դարում անգլերեն գրված լավագույն ստեղծագործություններից են, նրա վեպերի և պիեսների հիման վրա ֆիլմեր են նկարահանվել, առաջին գիրքը՝< «Կանաչ գլխարկը», նրան հաջողություններ ու գրական փառք է բերում: Սակայն ոչ մի տեղ չի հիշատակվում նրա հայ լինելու մասին, այլ ներկայացնում են նրան որպես անգլիացի տաղանդավոր գրող, զարմանալի է, չէ՞: Եվ ուրեմն, նրա որդին՝ Մայքլ Առլեն Կրտսերը, մինչև 40 տարեկան հասակն ապրել է իր հայ լինելու բացարձակ անիմացության մեջ, բայց մանկությունից մինչև այդ տարիքը ներքին մի անհամաձայնություն է ունեցել իր՝ անգլիացի լինելու հետ. հայրը նրան հեռու է պահել հայկական միջավայրից և հայկականությունից, որովհետև այն սարսափները, որ տեսել էին իրենք և հարյուր հազարավոր հայերը 1915 թվի կոտորածների ժամանակ, ցանկացել է հեռու պահել իր որդիներին իր և իր պապերի ճակատագրից: Բայց զարմանալին այն է, որ դեռ մանկությունից կրտսեր Մայքլը նկատել է իր և անգլիացի ընկերների ոչ միան արտաքինի տարբերությունը, այլև ներաշխարհի և աշխարհընկալման զանազանությունը և զարմացել է՝ չգտնելով դրանց բացատրությունը, և միայն 40 տարեկանում՝ հոր մահից հետո է բացահայտում իր հայ լինելը, և դրանում նրան օգնում է ամերիկյան տաղանդավոր գրող, Մայքլ Առլեն Ավագի մտերիմ ընկեր Վիլյամ Սարոյանը. ի դեպ նրա ծնողներն ու պապերը նույնպես Անատոլիայից Ամերիկա գաղթած հայեր են: Քառասուն տարեկան տղամարդը, որ արդեն հայտնի գրող էր․ հոգեկան ահռելի ցնցում է ապրում. ինքը հայ է, և դա իրենից թաքցրել է իր զտարյուն հայ հայրը: Ինչո՞ւ…Եվ որդի Մայքլը որոշում է գնալ իր հոր և պապերի հայրենիք՝ Անատոլիա:
Մեհմեդը, որ ուշադիր լսում էր, հանկարծ ընդհատեց Սուլեյմանին և ասաց.
-Ոչ թե Անատոլիա, այլ Հայաստան,-և ասես մի մեծ ծանրություն ընկավ հոգուց: Նա աղոտ էր հիշում իրենց փոքրիկ քաղաքը, նրա գեղեցիկ բնությունը, և ինչպես հայրն էր ասում՝ ոգեղենություն տվող լեռները, անուշ ջուրը և շատ պայծառ արևը, որը չկա Եվրոպայում:
-Այո՛, Հայաստան, իմ ծնողներն էլ են Հայաստան ասում, որովհետև Անատոլիան աշխարհագրական հասկացություն չէ, այլ հունարեն նշանակում է արևելք, և գիտե՞ս զավեշտը ո՞րն է, որ Թուրքիայում այդ շրջաններին ասում են արևելյան Անատոլիա. այսինքն՝ արևելյան Արևե՞լք… Հա՛, և Մայքլ Առլեն Կրտսերը գիտակցաբար վերադարձավ իրենից խլված իր հայկական արմատներին… Նա գնում է Հայաստան, գտնում է հայրական գյուղը, հանդիպում է իսլամացած հայերի, որոնք իրենց հուշերում, անգամ երգերում պահել էին կոտարածների սարսափը… Այդ ամենի մասին նա ֆիլմ է նկարահանում՝ «Վերադարձ դեպի Արարատ» վերնագրով: Ես քեզ հղումը կուղարկեմ…
Սուլեյմանը լռեց, հետո կոստյումի ծոցագրպանից հանեց լուսանկարների մի փոքրիկ ալբոմ և սկսեց թերթել. առաջին էջին Արարատն էր՝ երկու կողմերից, հետո Վանա լիճը, Աղթամար կղզին ու վանքը, Վանա բերդը, Մհերի Դուռը, Սիփանը, Մարաթուկը, Նեմրութը՝ իր դիցարանով, Եփրատը՝ լայնահուն ու ալեկոծ և էլի բնության շատ գեղեցիկ վայրեր… Մեհմեդը կլանված նայում էր նկարները, և աչքերը լցվում էին արցունքներով. նա փնտրում էր իր վաղ մանկության քաղաքի դիմաց ձգվող լեռնաշղթան, որը երևում էր իրենց տան պատշգամբից…
-Մեհմե՛դ, մենք մոռացանք քո պատմությունը, ի՞նչ եղավ հետո, երբ օդանավակայանում հանդիպեցիր հայերին:
-Ես ասես համրացել էի, գերմաներեն բառերը մոռացել, այդպես լուռ կանգնելն էլ ինձ հոգեպես ճնշում էր, ինձ պետք էր առանձնանալ, դուրս գալ հոգեկան այդ ցնցումից: Ես ներողություն խնդրեցի և մի քանի րոպեով հեռացա. ուզում էի մենակ մնալ իմ խոհերի, հուշերի, անսպասելի սիրտս մխրճված հայ լինելուս հետ…
Փորձեցի հիշել տատիս ու մորս մրմունջով ասած հայերեն աղոթքը… Երանի՜ մի քանի բառ հիշեի, բայց, ավա՜ղ… Տարիների վախը ջնջել էր հիշողությանս էջերից այդ կցկտուր, բայց զորավոր բառերը: Հանկարծ միտքս պայծառացավ. մտա մոտիկ մի խանութ և մի մեծ տոպրակ Վանի խնձոր գնեցի և վերադարձա սպասասրահ։
-Այս խնձորները Վանի այգիների խնձորն է,- և տվեցի բժիշկ- մարդաբան կնոջը: Նա երկար նայեց աչքերիս մեջ և ասաց.
-Իմ պապերը վանեցի են… մի օր Վան եմ վերդառնալու,- և երկուսիս աչքերը լցվեցին արցունքով: Ես հասկացա, որ այդ պահից ես Հայ եմ՝ հոգով, ոգով, մտքով, արյունով, մարդաբանական իմ տեսակով, աչքերիս արտահայտությամբ, որի շնորհիվ բոլոր հայերն անսխալ ճանաչում են իրար: Կինն իր պայուսակից հանեց գերմաներեն մի գրքույկ՝ հայերի ու Հայաստանի պատմության՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերի մասին, և ասաց.
-Իմացե՛ք մեր պատմությունը թեկուզ այսքանը, սովորեցրե՛ք Ձեր զավակներին, թող նրանք հոգով որբ չմեծանան, մենք մի օր հավաքվելու ենք մեր մեծ Հայրենիքում՝ Արարատի ու Վանա լճի շուրջը…
Հայտարարվեց Երևանի թռիչքը, ես և հայերը ջերմ ձեռքսեղմումով բաժանվեցինք՝ վստահ ու հավատով, որ մի օր հանդիպելու ենք մեր Հայրենիքում: Հանսը՝ բնավորությամբ չոր ու պրագմատիկ այդ գործարարը, երբ լսեց հայ կնոջ խոսքեր, աչքերը արցունքով լցվեցին, ու նա ասաց.
–Մեհմե՛դ, ես ցնցված եմ…
Այդ օրվանից Հանսը իմ հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի, մանավանդ, երբ կարդաց հայ բժշկուհու նվիրած գիրքը հայերի ու Հայաստանի մասին:
-Սուլեյմա՛ն, իմ հա՛յ եղբայր, ահա՛ այս հոգեկան ցնցումն եմ ես ապրել այս օրերին ճիշտ այնպես, ինչպես ամերիկացի Մայքլ Առլեն Կրտսերը, և գիտե՞ս՝ ի՞նչն է այստեղ կարևորը, որ մեր մեջ առողջ են մնացել Հայի ոգին, Հայի գենը, Հայի թախծոտ, բայց լուսավոր և իմաստուն աչքերը… Օդանավակայանում իմ հանդիպումը այսօրվա փոքր Հայաստանի հայերի հետ ինձ համար եղավ հեղաշրջում, ես կխոսեմ ու կբացատրեմ քրոջս և եղբորս և նրանց երեխաներին, ես կպատմեմ նաև կնոջս և իմ տղաներին. նրանք մեր ծնողներից լսել են և գիտեն մեր հայկական ծագումը, բայց այս մեծ քաղաքի լաբիրինթոսում և առայժմ թուրք համարվող իրենց ընկերների շրջանում երբեմն չեն ուզում կարևորություն տալ իրենց հայկական ծագումին: Ես ասես նորից գտա նաև քեզ, իմ հա՛յ եղբայր, ես կգամ ձեր տուն և իմ խոնարհումը կբերեմ ծնողներիդ, որ նրանք ձեր մեջ պահել են հայը…
-Մեհմե՛դ, իմ հա՛յ բարեկամ, շնորհակալ եմ, որ դու անկեղծացար ու ինձ հաղորդակից դարձրեցիր քո հոգու փոթորկին, ինչպես դու ասացիր: Իմ հոգու փոթորիկն էլ մի փոքր խաղաղվեց: Այո՛, հայտնի իրողություն է, որ Թուրքիայում ապրող մարդիկ բնավ էլ թուրք չեն, այսինքն նրանք այսօր պատմականորեն թուրք սելջուկ և մարդաբանորեն շեղաչք մոնղոլոիդ չեն. մենք բոլորս այդ աշխարհագրական տարածքում դարերով ապրած և բռնի թրքացված ազգերի զավակներն ենք: Թուրքիայում ծպտյալ կամ անիմացության մեջ ապրող հայերը, հույները, ասորիները, եթե գիտեն, թող չմոռանան իրենց արմատների մասին, իսկ նրանք, ովքեր չգիտեն, պետք է հետաքրքվեն իրենց արմատներով և հարցնեն իրենք իրենց.

-Արդյոք թո՞ւրք ենք մենք, և արդյո՞ք պատիվ է իրենց համար դարերով բարբարոսություն, ավեր ու թալան իրականացրած թուրք լինելը…
Մեհմեդն ու Սուլեյմանը՝ հարազատացած երկու ընկեր, գրկախառնվեցին, ապա երկար թափահարում էին ամուր բռնած իրար ձեռքերը․․․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ.Գ.
Լուսանկարում` Նախապատմական Եփրատ գետը Արևմտյան Հայաստանում

Դիտվել է՝ 13862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ